35 տարի օդում՝ Արցախյան ազատամարտից մինչև Աֆղանստան ու Իրաք. հայ օդաչուն կյանքը նվիրել է ավիացիային

35 տարի օդում՝ Արցախյան ազատամարտից մինչև Աֆղանստան ու Իրաք. հայ օդաչուն կյանքը նվիրել է ավիացիային

Քչախոս, բարի, վստահություն ներշնչող օդաչու Էդուարդ Կարապետյանն արդեն 35 տարի «օդում է» և պատրաստվում է ևս 10 տարի ծառայել հայկական ավիացիային: Էդուարդ Կարապետյանն անկեղծանում է՝ առհասարակ շատ քիչ է խոսում և երբեք հարցազրույցներ չի տալիս, սակայն «Արմենպրես»-ի հետ զրույցում համաձայնում է պատմել իր անցած ուղու և ընտանիքի մասին: Օդաչուն, հարցազրույցից ընդամենը կես ժամ առաջ էր վայրէջք կատարել. ուղևորներին բարեհաջող Երևան էր հասցրել Վորոնեժից: Մենք անմիջապես գնացինք դեպի օդանավ, որտեղ մեզ թույլատրել էին լինել նաև օդաչուների սրահում: «Օդում եղել եմ գրեթե 23 հազար ժամ, սակայն մինչև այսօր էլ վախեր ունենում եմ թռիչքից առաջ»,- ահա այսպես բնութագրեց Էդուարդ Կարապետյանն իր աշխատանքի՝ շատերի համար ոչ տեսանելի ու հուզական մասը:

Ծնվել եմ օդաչուի ընտանիքում

«Ծնվել եմ օդաչուի ընտանիքում, հայրս օդանավակայանում օդաչու-բորտ ինժեներ է եղել, մայրս էլ դիսպետչեր է եղել: Հայրս մոտ 30 տարի աշխատել է այս ոլորտում: Մեծ եղբայրս էլ է օդաչու, ինձնից երեք տարի առաջ է սկսել աշխատել: 1983 թվականից Ուկրաինայի Կրիմինչուկ քաղաքում սովորել եմ ուղղաթիռների ուսումնարանում և ավարտել եմ 1986 թվականին: Այդ տարվանից սկսել եմ աշխատել հայկական ավիացիայի ոլորտում, որպես ուղղաթիռի օդաչու»,- ասաց Կարապետյանը:

Եղբայրս իմ ուսուցիչն է եղել

Եղբոր մասին Էդուարդ Կարապետյանն առանձնակի հպարտությամբ է խոսում. եղել է նաև նրա ուսուցիչը: «Օդանավի հարցում իմ ուսուցիչը եղել է եղբայրս՝ Ալբերտը: Նրա հետ աշխատել եմ Արաբական Միացյալ Էմիրություններում, Աֆղանստանում, Իրաքում, Ղազախստանում և այժմ էլ Հայաստանում: Աբոն մինչև հիմա էլ իմ ուսուցիչն է»,- ասաց օդաչուն և հավելեց, որ միայն ուղղաթիռ վարելն է առանց եղբոր սովորել:

Ուղղաթիռով թռիչքն իր դժվարություններն ունի

Օդաչու դառնալուց 2 տարի անց՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին եղավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը: «Այդ ժամանակ օգնություն էինք տանում Շիրակի և Լոռու մարզեր: Դեռ երկրաշարժից ուշքի չեկած՝ 1990-ականներին էլ սկսվեց Արցախյան ազատամարտը: Կապ էինք պահում Հայաստանի և Արցախի բոլոր քաղաքների հետ: Այդ ժամանակ մասնակցել ենք և՛ մարտական գործողություններին, և՛ վիրավորներին ենք հասցրել հիվանդանոցներ ու հոսպիտալներ, ինչպես նաև զենք ու զինամթերք ենք տեղափոխել: Ծանր օրեր էին, բայց վախ չեմ զգացել, այն ժամանակ մոտ 20 տարեկան էի և ավելի շատ հայրենասիրությունն էր խոսում իմ մեջ: Այսօր աշխատում եմ շատ չհիշել այդ տարիները, քանի որ ընկերներ եմ կորցրել, շատ բարդությունների ու դժվարությունների միջով եմ անցել»,- շեշտեց Էդուարդը:

Ուղղաթիռից օդանավ անցումն ինձ համար հեշտ է եղել

Պատերազմի ավարտից հետո նա որոշում է կայացրել դառնալ օդանավի օդաչու: «Ինձ համար այդ անցումը հեշտ է եղել, քանի որ ուղղաթիռը կառավարելն ավելի դժվար է: Աշխատել եմ Երևանի Էրեբունի օդանավակայանում և առաջին թռիչքս  եղել է ЯК-40 օդանավով: Ավելի քան երկու տարի անց սկսել եմ Ан-24 օդանավը կառավարել և այդ ժամանակ արդեն աշխատում էի Աֆրիկայի տարածքում, որտեղ ուղևորներին  մի քաղաքից մեկ այլ քաղաք էինք տեղափոխում, քանի որ ջունգլիներ էին հիմնականում և ճանապարհներ չկային: Այնտեղ ապրել եմ 4 տարի: 1996 թվականից տեղափոխվել եմ Ан-12 բեռնատար օդանավ, որով թռել եմ Արաբական Միացյալ Էմիրություններից դեպի Աֆղանստան և Իրաք»,- նշեց օդաչուն և հավելեց, որ այնտեղ իրենք օգնել են բնակչությանը, զենք ու զինամթերք, զինվորական հագուստ են տեղափոխել:

Այդ տարիներին եղել է Աֆղանստանի և Իրաքի գրեթե բոլոր քաղաքներում: Պատերազմի ավարտից հետո նա վերադարձել է Հայաստան:

Ճանապարհն ինձ տարավ Ղազախստան…

«ԱՄԷ-ից, երբ վերադարձա Հայաստան, աշխատեցի «Արմավիա» ավիաընկերությունում, որն ամիսներ անց սննկացավ և ստացվեց այնպես, որ աշխատանք չկար: Այս ավիաընկերությունում աշխատանքի 6-7 ամսվա ընթացքում կանադական CRJ-200 օդանավով վերապատրաստում եմ անցել որպես հրամանատար: 2011 թվականին տեղափոխվել եմ Ղազախստանում ապրելու, որտեղ աշխատել եմ մոտ 7 տարի: Այնտեղ վարել եմ կանադական CRJ-200 օդանավը: 2018 թվականի փետրվարին վերադարձել եմ Հայաստան: Այժմ աշխատում եմ «Արմենիա» ավիաընկերությունում, որտեղ վերապատրաստում եմ անցել «Բոինգ-737» օդանավով: Մոտ 20 տարի օտար ափերում լինելուց հետո վերադարձա տուն»,- ասաց Էդուարդը:

Ոչ տղայիս և ոչ աղջկաս ծնվելու ժամանակ Հայաստանում չեմ եղել

Երեխաների մասին Էդուարդ Կարապետյանն առանձնահատուկ ջերմությամբ սկսեց պատմել, հատկապես աղջկա Շուշանիկի մասին: «Ամուսնացել եմ 1994 թվականին, մեկ տարի անց՝ 1995 թվականին, ծնվել է տղաս՝ Ռուբենը, ում կոչել եմ հորս պատվին: 1998 թվականին ծնվել է աղջիկս՝ Շուշանիկը, ով իմ կյանքի կեսն է»,- ասաց Էդուարդն ու խոստովանեց, որ ոչ աղջկա, ոչ էլ տղայի ծնվելու ժամանակ Հայաստանում չի եղել: 

Երեխաներն այժմ աշխատում են ավիացիայի ոլորտում, Ռուբենը՝ ավիադիսպետչեր է: Նա Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկ քաղաքում 2 տարի օդաչուական ուսումնարանում է սովորել, ինչից հետո եկել և ծառայել է հայկական բանակում: Ծառայությունից հետո էլ՝ մինչև այսօր, ցանկանում է դառնալ օդաչու, սակայն Հայաստանում ուսումնական հաստատությունում սովորել է ավիադիսպետչերի հմտություններ և այժմ աշխատում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: «Արմենիա» ավիաընկերությունում Շուշանիկն աշխատում է որպես DCS (Departure control system) բաժնի մասնագետ: Երկուսն էլ ավիացիայի ոլորտում են և շարունակում են ընտանեկան ավանդույթները:

Դուստրը՝ Շուշանիկը, ով հարցազրույցի ժամանակ նստած էր հոր կողքին, պատմեց, որ մինչև մոտ 2 տարեկան չի հասկացել, թե ով է ժամանակ առ ժամանակ գալիս իրենց տուն: «Փոքր էի ու, երբ հայրս գալիս էր տուն, չէի հասկանում, թե ով է նա ու ինչի պետք է «այդ տղամարդը» մեր տանը մնա: Երկար ժամանակ պահանջվեց, մինչև սկսեցի ընտելանալ և հասկանալ, որ նա մեր հայրն է և սովորել էի, որ պետք է ամեն գալուց մեզ համար քաղցրավենիք բերի»,- հիշեց Շուշանիկը:

Սնահավատ չեմ

«Սնահավատ չեմ և չեմ կարծում, թե օդաչուն պետք է այդպիսին լինի: Օդանավի շարժիչը գործի գցելուց հետո ամեն թռիչքից առաջ ասում ենք «Աստված մեզ հետ» և թռնում: Մենք Աստծուն մոտ ենք լինում ու մեր ձայնը շուտ է հասնում նրան»,- կատակեց Էդուարդը:

Բարդ թռիչքներ եղել են. շարժիչն է խափանվել

Նա պատմում էր, որ շատ բարդ թռիչքներ են եղել իր կարիերայի ընթացքում, շարժիչն է խափանվել, բայց, բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող է ավարտվել: «Իհարկե, բարդ դեպքեր եղել են, էլ ինչ օդաչու, որ 30 և ավելի տարի աշխատի և ոչ մի խնդրի առաջ չկանգնի»,- պատմեց քչախոս օդաչուն և ասաց, որ չի ցանկանում շատ բան պատմել, պարզապես ուզում է, որ բոլոր օդաչուները միշտ բարեհաջող վայրէջք կատարեն:  Էդուարդը վստահ է՝ հաջողակ է և անդառնալի դեպքեր իր հետ չեն պատահել:

Մինչև 63 տարեկան կարող եմ լինել օդում

«Որքան առողջությունս թույլ տա պատրաստվում եմ լինել օդում և մինչև թոշակ ստանալս դեռևս 10 տարի կա. հնարավոր է հենց այդքան էլ աշխատեմ: Ընտանիքիս անդամներն էլ «չեն թողնում» թոշակի գնամ»,- անկեղծանում է Էդուարդը:

Զրուցեց՝ Լիլիթ Դեմուրյանը

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


22.06.2017 - Կանոնավոր չվերթ Սալոնիկի ՝ «Արմենիան» մոտեցնում է Եվրոպան

«Արմենիա» ավիաընկերությունը «Ֆեստա» ընկերությունների խմբի հետ համատեղ իրականացնում է Երևան-Սալոնիկի-Երևան կանոնավոր չվերթը

01.03.2019 - Գազօջախից մինչև մեծ թռիչք

Մեկը նրա համար անհանգստանում է, մյուսը  կարոտում է, իսկ  բոլորով սպասում են Մինչ տղամարդիկ ծաղրում են կանանց տրամաբանությունը, կանայք օդում, ջրում, ցամաքում ու խոհանոցում կարծրատիպեր են կոտրում՝ համատեղելով անհամատեղելին:

10.12.2018 - Նախապատրաստական աշխատանքներ թռիչքից առաջ

«Արմենիա» ավիաընկերության Boeing 737-500 օդանավը պատրաստվում է թռիչքի: Նախապատրաստական աշխատանքներ թռիչքից առաջ:

20.02.2020 - Հաշվիչ տեխնիկայի ֆակուլտետից՝ ավիացիա. Կարինե Սարգսյանը 40 տարի զբաղվում է թռիչքների ապահովմամբ

Ինքնաթիռների չվերթներն անհնար է պատկերացնել առանց թռիչքների ապահովմամբ զբաղվող մասնագետների: Ինքնաթիռը ղեկավարում է օդաչուն, ուղղությունը տալիս ավիադիսպետչերը, իսկ թռիչքի թույլտվությունը ստանում դրանց ապահովման մասնագետը: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ «Արմենիա» ավիաընկերության թռիչքների ապահովման հարցերով զբաղվող Կարինե Սարգսյանը ներկայացրեց 40 տարվա իր գործունեության բուն էությունը.